Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհը օրինապես անձեռնմխելիություն է ստացել դատական հետապնդումներից: Երկրի կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին հունվարի 8-ին: Հիշեցնենք, որ Սալեհին անձեռնմխելիություն խոստացվել էր ընդդիմության եւ նախագահի միջեւ ստորագրված համաձայնությամբ, ըստ որի` Սալեհը երկրի իշխանությունը փոխանցել էր նոր ղեկավարությանը:

Օրեքնի համաձայն` անձեռնմխելիությունը տարածվում է «նախորդ նախագահի կառավարման ամբողջ ընթացքում Սալեհի եւ նրա համախոհների կատարած հնարավոր հանցագործություւների վրա»: Օրենքն ունի իրավական ուժ հանրապետության ամբողջ տարածքում եւ չի կարող չեղյալ հայտարարվել կամ փոփոխվել:

Անձեռնմխելիությունը Սալեհին է տրամադրվել` չնայած ընդդիմության զանգվածային ցույցերին, որոնց ակտիվիստները պահանջել են դատել պետության ղեկավարին եւ նրա հարազատներին գործած հանցագործությունների համար` սկսած կոռուպցիայից մինչեւ ցույցերի դաժան ճնշումները:

Փաստորեն, Սալեհը շարունակում է մնալ ամենաազդեցիկ գործիչը երկրում եւ կպահպանի պատվավոր նախագահի կարգավիճակը մինչեւ 2012 թվականի փետրվարի 21-ի արտահերթ ընտրությունները: Ըստ էության, նրա համար դա դժվար չի լինի, քանի որ էլիտար Հանրապետական գումարտակի հրամանատարը նրա որդին է, իսկ անվտանգության ուժերի հրամանատարը` զարմիկը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: