Տրանսպորտային միջոցների բաղկացուցիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը, որը կատարվել է տրանսպորտային միջոցից դուրս գտնվող անձի կողմից, առաջարկվում է դիտարկել որպես միջին ծանրության գողություն՝ նախկին ոչ մեծ ծանրության փոխարեն։ Այս մասին մայիսի 20-ին Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Ըստ նրա, գողության թվարկված տեսակներն այսօր լուրջ խնդիր են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ «Դա ուղղակիորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ այն բանի հետ, որ նման գողություններն ուղղակի ավելի հեշտ է կատարել։ Ընդ որում, պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցագործության համար սահմանված պատժատեսակներին»,- պարզաբանել է Մկրտչյանը։
Այսպիսով, գործող օրենսդրության համաձայն, տրանսպորտային միջոցների դետալների, սարքերի կամ սարքավորումների հափշտակության համար (եթե դրանք չեն պարունակում ՔՕ 254-րդ հոդվածով որակված հատկանիշներ), հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի մինչև 20 հազար դրամի չափով տուգանքով, կամ 80-ից մինչև 150 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով, կամ մինչև 2 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ մինչև 2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկմամբ, կամ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։ «Ընդ որում, դատարանները նման դեպքերում, հաճախ հաշվի առնելով կատարված հանցագործության ոչ մեծ ծանրությունը, հազվադեպ են կիրառում կալանքը որպես խափանման միջոց»,- ասել է փոխնախարարը։
Ավելին, նույնիսկ դեպքեր կան, երբ հանցագործություն կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակել է հակաիրավական գործունեություն ծավալել՝ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելով։ «Ուստի, նշված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մենք առաջարկում ենք Քրեական օրենսգրքում որոշ փոփոխություններ կատարել։ Այսպես, մենք, մասնավորապես, առաջարկում ենք տրանսպորտային միջոցներից դուրս կատարված դետալների, սարքերի կամ սարքավորումների հափշտակությունները դասել միջին ծանրության հանցագործությունների շարքին»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։
Այսպիսով, հանցագործություն կատարած անձը կպատժվի 20-ից մինչև 50 հազար դրամի չափով տուգանքով, կամ 150-ից մինչև 270 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներով, կամ 1-ից մինչև 3 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ 1-ից մինչև 2 ամիս ժամկետով կարճաժամկետ կալանքով, կամ 2-ից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Դրա հետ մեկտեղ, նոր օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում դատական պրակտիկայում ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար՝ նշված տեսակի հանցագործության քննության ընթացքում նոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով։
«Վերջին 5 տարիների ընթացքում երկրում կատարված հանցագործությունների ընդհանուր ծավալում գողությունների ծավալը 35-37%-ից նվազել է մինչև 15,9%։ Այնուամենայնիվ, ավտոմեքենաներից դետալների գողությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել»,- նկատել է փոխնախարարը։
Տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ինչպես նշել է Արմեն Մկրտչյանը, հաճախ գողությունների մասին հայտարարություններով չեն դիմում։
Եղել են նաև դեպքեր, երբ տուժող անձը համաձայնության է եկել գողությունը կատարած անձի հետ։ Վերջինս, մասնավորապես, «պարգևավճարի» դիմաց վերադարձրել է գողացված դետալը։
Քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։