Այն բենզալցակայանները, որոնք փաստաթղթային որևէ խնդիր են ունեցել, մինչ այս պահը քաղաքապետարանը դեռևս չի տվել շահագործման լիցենզիաներ և թույլտվություններ: Այդ մասին այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանի համար առաջնային վտանգ ներկայացնող բենզալցակայանների խնդրին:

Նրա խոսքով, բենզալցակայանների մասով կան բարձրաձայնվող տրամաբանական հարցեր, որոնք վերաբերում են պետական մարմնի քաղաքականության փոփոխությանը, բայց կան նաև խնդիրներ, որոնք վերաբերում են ինքնակամ կառուցված բենզալցակայաններին: Օրինակ՝ բենզալցակայանն ամբողջությամբ ինքնակամ կառուցված է համայնքային հողի վրա, և նույնիսկ հողի վարձակալության հետ կապված որոշակի խնդիրներ կան:

«Նախորդ տարիներին մոտավորապես 2 տասնյակից ավելի բենզալցակայաններ ենք քանդել քաղաքում: Որոնք նմանատիպ լուրջ խնդիրներ են ունենալու, վստահաբար, այս պրոցեսն այդ մասով նվազագույնը շարունակվելու է»,- ասաց նա: