Իրանի դատարանը ԱՄՆի քաղաքացի Ամիր Միրզա Հեքմաթին մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ եւ դատապարտել մահապատժի:

Fars գործակալության հաղորդման համաձայն`  Ամիր Միրզա Հեքմաթին, որը մեղավոր է ճանաչվել թշնամի երկրի համար աշխատելու եւ ԿՀՎ-ի օգտին լրտեսություն կատարելու  մեջ, դատապարտվել է մահապատժի:

Հիշեցնենք, որ իրանական լրատվամիջոցները դեկտեմբերի 17-ին հայտնել էին ոմն տղամարդու ձերբակալման մասին, որը կասկածվում էր ԱՄՆ-ի օգտին լրտեսական գործունեության մեջ, ինչպես նաեւ այն բանի համար, որ նա համարվում է ԿՀՎ-ի գործակալ: Նրանք տարածել էին տեսագրություն, որտեղ ձերբակալվածը խոստովանում էր իր հանցանքը:

Իրանական հատուկ ծառայությունները հաղորդում են, որ ձերբակալվածը ծնունդով Արիզոնա նահանգից է: Ամերիկյան բանակում ծառայության անցել է 2001 թվականից եւ հաջորդ 10 տարիների ընթացքում անցել է  հատուկ հետախուզական  պատրաստականություն:

Լրտեսն Իրան էր բերվել Աֆղանստանի տարածքից: Ծրագրվածի համաձայն` նա պետք է  շահեր իրանական հատուկ ծառայությունների վստահությունը` նրանց որոշակի օգտակար տեղեկատվության հաղորդելով, այնուհետեւ ներթափանցեր իրանական ռազմական կառույցներ եւ ապատեղեկատվություն տարածեր:

Ձերբակալվածի հայր Ալի Հեքմաթին, որը ամերիկյան Դեթրոյթ քաղաքի մոտ գտնվող քոլեջում մանրէաբանություն է դասավանդում, հերքել է ԿՀՎ-ի գործողություններին իր որդու մասնակցության փաստը: Գիտնականը հաղորդել է, որ իր 28-ամյա որդին ուղեւորվել է Թեհրան տատիկներին տեսակցելու նպատակով: