Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր` հունվարի 9-ին, մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Դատարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, եկել էին Մարգար Օհանյանի մտերիմները, կային նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, բազմաթիվ լրագրողներ:

Մարգար Օհանյանի հետ նույն գործով որպես ամբաստանյալ ընդգրկված են նաեւ նրա նախկին աշխատակիցները` Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը: Օհանյանը, մտնելով դահլիճ, ընդհանրապես չբարեւեց իր գործընկերներին, որոնք ցուցմունքներ էին տվել նրա դեմ:

Ամբաստանյալները նաեւ ինքնաբացարկի միջնորդություններ չունեին ոչ դատավորի, ոչ դատական նիստերի քարտուղարի, ոչ էլ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի դեմ:

Դատախազի միջնորդությամբ գործում որպես տուժողի` Հայաստանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ ընդգրկվեց ՃՈ ավագ լեյտենանտ Ժիրայր Կարապետյանը:

Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը դատարանին միջնորդեց փոխել խափանման միջոց կալանքը կամ փոխարինել 3 միլիոն դրամ գրավով: Ըստ փաստաբանի` Մարգար Օհանյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի դատավարությանը, նաեւ չի կարող ազդել վկաների եւ մյուս ամբաստանյալների վրա: Վասակյանն ասաց, որ ՃՈ նախկին պետի ընտանիքը վերականգնել է պետության հասցված մոտ 170 միլիոն դրամը, պատրաստ է վերականգնել նաեւ փորձաքննության ընթացքում ավելացած 19 միլիոն դրամի վնասը:  Օհանյանն իր խոսքում խնդրեց առանձին` առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դահլիճում գտնվող անձանց, զրուցել դատավոր Մխիթար Պապոյանի եւ դատախազ Հարություն Հարությունյանի հետ` նշելով, որ շատ կարեւոր բան ունի հայտնելու: Նա մասնավորապես նկատեց, թե 2011թ. օգոստոսի 30-ին ՀՔԾ-ում մի զանգ է հնչել, որից հետո վկայի իր կարգավիճակը փոխվել է մեղադրյալի կարգավիճակով: Դատավորը հայտնեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման կարգ գոյություն չունի:

Միակը, ով առարկեց միջնորդությանը, մեղադրող Հարությունյանն էր, ով իր խոսքում ասաց, թե Մարգար Օհանյանը կարող է թաքնվել քննությունից, նաեւ ազդել դատավարության մյուս մասնակիցների վրա: Իսկ ՃՈ նախկին պետի հայտարարությանն էլ արձագանքեց, թե նա կարող է դատարանի դահլիճում բարձրաձայնել իր մտահոգությունները:

«Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք»,- պատասխանեց Մարգար Օհանյանը, ով նաեւ խոստացավ դատաքննության ընթացքում շատ բաներ բացահայտել, ասել, թե ում շնորհիվ են մյուս ամբաստանյալները հայտնվել ազատության մեջ:

Դատավոր Մխիթար Պապոյանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ` քննարկելու պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստը վերսկսվելու է ժամը 14:30-ին:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մարգար Օհանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ եղած ժամանակ չարաշահել է իր պաշտոնական դիրքը, որն էլ զգալի վնաս է հասցրել պետության շահերին եւ անզգուշության հետեւանքով հանգեցրել լուրջ հետեւանքների: Ինչպես նաեւ, նա յուրացրել է պետության` իրեն վստահված հատկապես  խոշոր չափերի հասնող  գույքը:

Ստեփան Կարախանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Ճանապարհային ոստիկանության սպայական երկրորդ գումարտակի հրամանատար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը, ինչպես նաեւ չարաշահելով ծառայողական դիրքը` յուրացրել է հատկապես խոշոր չափերի հասնող իրեն վստահված պետական գույքը:

Արա Լեւոնյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի ղեկավար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը:

Նման մեղադրանք է ներկայացված նաեւ Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: