Խնդրում եմ՝ վարչապետը ներկայանա, նաեւ ԱԳ նախարարը, այս վիճակի պատճառով 1500 աշխատողներ կորցնելու են իրենց աշխատանքը, դրան գումարեք իրենց ընտանիքների անդամներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, Վրաստանի դեսպանատան դիմաց կոնյակագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը, որը հիմնադրման օրից աշխատում է Պռոշյանի կոնյակի գործարանում։

Նշենք, որ կոնյակագործները բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների է հանգեցնում։

«նստել են իրենց աթոռին, չեն մտածում բանվորների մասին։ Եթե արդար են, թող գան մեզ հետ մասնակցեն մեր ակցիային։ Լավ վարչապետ ունենք, արտաքին գործերի նախարար ունենք, թող գան էս հարցերը լուծեն, ինչի՞ ես գամ Վրաստանի դեսպանատան դիմացը փակեմ։

Էս ժողովուրդը պիտի ոտքով գնա ներքև, հրապարակի մոտ փակեն, որ վարչապետը իրար չգա։ Այս ժողովուրդ մեղք չունի, որ արև տակ կանգնի, վառվի»։

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին Վրաստանի դեսպանատնից դուրս գան և լրատվամիջոցների և հավաքվածների ներկայությամբ հայտարարեն այն, ինչ որ քննարկման ժամանակ են նշել, այն է՝ ոչինչ չեն կարող իրենք անել, և որ կարող են դատի տալ վրացական կողմին։