Վերջին տարիներին մեր դիրքորոշումներում նրբերանգներ են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես ենք մենք տեսնում մեր հարաբերությունների, դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը, ներառյալ դաշնակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Այս մասին մայիսի 21-ին Երևանում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Դրանք (հարաբերությունները - խմբ.) որոշակի ժամանակահատվածում (մինչև 2024 թվականի աշնանը ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը) անկում էին ապրել։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին վերսկսել շփումները լիարժեք ծավալով։

Մենք անկեղծորեն քննարկում ենք ոչ միայն այն, ինչը դրական է ընկալվում երկու մայրաքաղաքների կողմից, այլև այն բաները, որոնց նկատմամբ տարբեր տեսակետներ ունենք։ Հարաբերություններում թերասացություն կար, ինչ-որ պահանջներ կային, իրավիճակ կար, երբ 2022 թվականին Ջերմուկի միջադեպից հետո մեր հայ գործընկերները համարեցին, որ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները»,- ընդգծել է Լավրովը։

Նա կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել բոլոր ասպեկտները՝ հավելելով, որ Մոսկվան որևէ պարտավորություն չի խախտել։

Ըստ նրա, Ռուսաստանն ընդհանրապես չգիտեր, որ Պրահայում փաստաթուղթ է ստորագրվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ «Մենք այդ մասին իմացել ենք ԶԼՄ-ներից»,- ասել է նա։

Նախարարը հայտնել է, որ կասկածների շրջանն անցել է 2024 թվականի աշնանը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման շնորհիվ, երբ շատ թյուրիմացություններ վերացվել են։

«Կան իրական փաստեր, և մենք դրանցից ենք ելնելու։ Հայաստանի ղեկավարությունը մշտապես ասում է, որ պետք չէ գնալ պատմական Հայաստան և պետք է ելնել այսօրվա իրողություններից, բայց անցյալը նույնպես չի կարելի մոռանալ»,- եզրափակել է Լավրովը։