Մենք իմպիչմենտին սատարում ենք, կողմ ենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինքը լո՞ւրջ է համարում այդ գործընթացը, երրորդ նախագահը պատասխանեց. «Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությա՞մբ եք վերաբերվում: ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Այսինքն մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն 2021  թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ  իմփիչմենթ անելը անլո՞ւրջ է:

Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ և մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրենք հարմար գտնում ՔՊ-ականների հետ բացատրական աշխատանք տանելու, երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ԱԺ, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ և ընդհանրապես իրենք ինչպես են այդ պրոցեսը պատկերացնում:

Եթե ձեզ թվում է, որ մենք արդեն յոթ տարի հայտարարում ենք, որ իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս»,-ասաց նա։

«Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել: