Ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի կառավարիչները չեն արձագանքում Ալիևի պահանջներին, ենթադրում եմ, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երեւի հարեւան երկրի նախագահի զայրույթը, կամ դուր գան, որպեսզի նա բարի գործեր անի իրենց համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Չգիտեմ՝ ինչ գործեր, երեւի ուզում են ինչ–որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք իմպիչմենտի մասին, ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե ինչու է մեր դիրոորոշումն այդպիսին։ Նախ ասեմ, որ 2021–ին ես որեւէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով, որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այս ես հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ դա հիմնված է քաղաքական դաշտն ու հանրության տրամադրություններն ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, եւ մենք դառնալու ենք կապիտուլյացիայի լեգիտիմացման մասնակիցը, և միջազգային հանրությունը մեզ, հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար։ Ասելու է՝ թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց ժողովուրդը վստահում է այսօրվա կառավարիչին, ինչը և տեղի ունեցավ։ 1,5 տարի մեր դաշնակիցները, և մեր գործընկերները դրա վրա էին հղում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել, ասեք՝ սխալ եմ կանխատեսել»,– ասաց նա։

Սերժ Սարգսյանի խոսքով, հիմա իրենք պաշտպանում են իմպիչմենտի գործընթացը ելնելով հետեւյալից. «Հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավել մնալը իշխանության, վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Իսկ էդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք՝ չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գան»։

Դիտարկմանը, որ դա իրատեսական չէ, երրորդ նախագահն ասաց. «Իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է պսակվել։

Հիմա կոնկրետ ես ի՞նչ եմ կարծում: Եկեք էս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է էս մի տարվա ընթացքում էսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզմամբ վնասակար կլինի Հայաստանի համար: Օրինակ, կարո՞ղ է մի քանի ամիս հետո էս կառավարիչները մի թուղթ ստորագրեն և ասեն՝ Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան։ Մեր անվտանգությունը արդյո՞ք դրանով կամրապնդվի։

Երկրորդ, իսկ ի՞նչ եք կարծում, ավելի շատ հավանակա՞ն է, թե հավանական չի, որ տեսանելի ապագայում, այսինք ամիսների ընթացքում այս կառավարիչները այդ կստորագրեն իրենց, այսպես ասած, խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է։ Իսկ իսկ մենք գիտե՞նք ինչ է այդ համաձայնագրում գրած, չգիտենք որևէ մեկս։ Իսկ հավանականությունը շա՞տ է, թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասականը ավելի շատ կլինի, քան դրականը։

եթե այդպես է, Էդ ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ և ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալո՞ւ է շատ հեշտ ճանապարհով էդ համաձայնագիրը ի չիք դարձնել։ Բա դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելո՞ւ, որ էս մի տարի անգործության մատնվեցինք, մենակ քննադատեցինք սրանց։

Հավանական է, չէ՞, որ մեկ–երկու– երեք ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ-որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ու ընդդիմությունը հաղթեց, մենք կարողանալո՞ւ ենք դա հետ վերադարձնել։ Բա ի՞նչ ենք անելու էլի, ասելու ենք՝ դե ոչինչ, ջհանդամը Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ի՞նչ է մի հատ անկլավը, էդ էլ տանք, պրծնենք էլի, մենակ իշխանափոխություն լինի։ Ես համաձայն չեմ այդ տեսակետին։

Մեր հիմնավորումները դրանք են, որ մենք ասում ենք՝ փորձենք։ Եթե չստացվի, թող չստացվի, թող չստացվի»,– հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ այս վերջին ամսվա ընթացքում արված հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք (նկատի ունի ռոբերտ Քոչարյանի թիմին–խմբ) են համակարգել. «Այսինքն մենք էլ կողքից հարսանքավոր ենք եղել, իրենք քավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել: Դե եթե իրենք կուզենան քավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ ենք»։

Հարցին՝ հիմա ձեր և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությո՞ւնն է ավելի շատ մեծ, թե՞ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկությունը, երրորդ նախագահն արձագանքեց. «Ես քանի՞ անգամ եմ հայտարարել, որ ես նպատակ չունեմ և իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու, մեր նպատակը իշխանափոխություն է։ Անձնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար՝ առաջինը՝ իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից, ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է թող ամբողջովին վերցնի»։