Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց ևս մի կարևոր նախաձեռնությամբ. Հայաստանի Հանրապետությունը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին:
«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ միանալ Խոշոր կատվազգիների պահպանությանն ուղղված միջազգային դաշինքին։
Դաշինքին անդամակցությունը կդառնա լայն հնարավորություն՝ իրականացնելու ընձառյուծի և այլ կատվազգիների պահպանման գործողությունների ծրագիր, կիրառելու նոր մոտեցումներ, ինչպես նաև նպաստելու մեր երկրի կենդանական աշխարհի հազվագյուտ ու արժեքավոր տեսակների պահպանմանը և թվաքանակի ավելացմանը:
Ներկայումս Հայաստանում ընձառյուծների թվաքանակը կազմում է մինչև 10 առանձնյակ, սակայն նրանց սննդային բազան՝ կեր հանդիսացող կենդանատեսակները, աճել է 1000-ից մինչև 3000-ի»,- գրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Ըստ կառավարության ներկայացրած տվյալների` Հայաստանում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են լուսանը, Եվրոպական անտառակատուն և մանուլը։ Վերջին երկուսը գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:
Դաշինքին միանալու նպատակահարմարությունը կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը 2024 թ. Կոլումբիայի Կալի քաղաքում կայացած ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում ընտրվել է որպես հաջորդ՝ 17-րդ համաժողովը 2026 թվականին հյուրընկալող երկիր։
Նշենք, որ Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքը Հնդկաստանի նախաձեռնությունն է։




























