Հայաստանից կոնյակի արտահանման մասով վրացական կողմը հայտարարում է, որ դա ստանդարտ ընթացակարգ է, սակայն այդ մեկնաբանությունները բավարար չեն իրավիճակը հասկանալու համար։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանի կառավարությունում քննարկվում են գործողություններ՝ ընդհուպ խնդրի լուծում գտնելու համար ամենաբարձր մակարդակով քննարկումներ անցկացնելը։ «Մենք կապի մեջ ենք վրացի գործընկերների հետ, քննարկումներ ենք անցկացնում, այդ թվում՝ ես իմ վրացի գործընկերոջ հետ»,- նշել է Հակոբյանը։ Պաշտոնյան պարզաբանել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հասկանալ խնդիրը, որը վրացական կողմից փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է առաջացրել։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին Հայաստանի կոնյակագործները կրկին բողոքի ակցիա են անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան շենքի մոտ՝ Վրաստանի տարածքով հայկական ապրանքների արտահանման գործընթացի խոչընդոտման դեմ։ Նրանց վկայությամբ, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը  «Վերին Լարս» անցակետում ենթարկվում է տարերային լաբորատոր ստուգումների, ինչը հանգեցնում է հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։