Հայաստանի տնտեսությունում «ստվերը» կազմում է մոտավորապես 22%։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Նա պարզաբանել է, որ դրանք 2022 թվականի տվյալներն են։ Ըստ նրա, նշված ցուցանիշը ներառված է Հայաստանի ՀՆԱ-ի գնահատականներում։

Պաշտոնյան հայտնել է, որ ամենաստվերային ոլորտը առևտուրն է, այնուհետև գալիս է շինարարության ոլորտը, ներառյալ՝ շինանյութերի շուկան։

Հակոբյանն ընդգծել է, որ առաջիկայում ՊԵԿ մասնագետների վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն։

«Նրանք, ովքեր հաջողությամբ չեն անցնի դասընթացները, կհեռանան համակարգից, իսկ նրանց տեղը կգան ավելի պատրաստված կադրեր»,- հավելել է նա։

Ըստ Հակոբյանի, կոռուպցիոն գործերով ՊԵԿ մեկ աշխատակից ծառայողական քննության արդյունքում ազատվել է աշխատանքից, իսկ ընդհանուր առմամբ ազատումները տասնյակների են հասնում։

Նա նաև հայտարարել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ որևէ կոնֆլիկտ չունի։