Մենք չենք ասել, որ իմպիչմենտի գործընթացն անլուրջ է, ընդհակառակը, ասել ենք սա շատ լուրջ գործընթաց է, բայց այն ինչ որ կատարվում է՝ անլրջացնում է այդ պրոցեսը: Այ մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ի՞նչ է, 2021–ին ընտրություններին մասնակցելը եւ ասելը՝ «կրելու ենք», լուրջ է, իսկ իմպիչմենտը անլո՞ւրջ է։
«Մենք ասել ենք, այո, իշխանափոխության հիմնական գործիքներից մեկը դա է, և հնարավորության դեպքում պետք է դրանից օգտվել։ Առաջին ասողներից մեկը եղել եմ ես, որ պետք չի այս կարևոր գործընթացը այս ճանապարհով և այս քայլերով անլրջացնել։ Կյանքը ցույց տվեց, որ հիմա այդ պրոցեսը՝ այդ մեթոդներով ու այսօրվա թեկնածուներով անլուրջ է։ Ես չեմ բացառում ինչ-որ իրավիճակ այս գործիքից լիարժեք օգտվելու, երբ որ դրա հաջողության հասնելու բավարար պայմանները կլինեն, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա լինի, բայց վախենում եմ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում, երբ որ իսկական պահը և հնարավորությունը կլինի, շատերը կփորձեն անլուրջ վերաբերվել»։
Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքից որևէ մեկը չի ասել՝ եկեք նստենք, սպասենք. ««Մենք ասել ենք, որ պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունները 2026 թվական չհասնեն, բայց եթե հասնեն և տեղի ունենան ընտրություններ, այո, մենք այդ ընտրությունները դիտարկում ենք որպես հնարավորություն, հաջողության հասնելու համար։
Մի քաղաքական ուժ մենք ենք, մի քաղաքական ուժ՝ մեր գործընկերները, և խորհրդարանական, և արտախորհրդարանական։ Առնվազն բոլորը գիտեն, որ մենք շատ բաց ենք այս թեմաներում նստելու, խոսելու, պայմանավորվելու, աշխատանք ծրագրելու։ Ես չեմ կարծում, որ նման հարցերը քննարկում են հրապարակային փողոցներում, եթե լուրջ գործընթաց կա, նստենք խոսենք, եթե չկա այդ գործընթացը, ուղղակի ինչ-որ մարդիկ կողքից այս գործընթացը օգտագործում են ինչ-որ մարդկանց դեմ, մենք այդ պրոցեսի մեջ չկանք»։
Հիշեցնելով, որ իրենք երբեք չեն ասել, որ վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեկի փոխարեն մի քանի թեկնածու ունենք, բայց չունենք այսօր թեկնածու, ով կկարողանա ապահովել գործընթացը սկսելու համար 36 անհրաժեշտ ձայները։ Եթե կա մի թեկնածու, որ ունի այդ ութը, մենք մեր 28 ձայնով պատրաստ ենք ստորագրել այդ թեկնածուին։ Նաև ավելացրել ենք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդական ճնշում, քաղաքական պատասխանատվություն, այսինքն լուրջ գործընթաց կազմակերպելու անհրաժեշտ պայմաններ։ Շատերը մոռանում են, որ իմպիմենտի գործընթացում հաջողության հասնելու համար պետք է 58 ստորագրություն, որը չկա»։
Նա համոզմունք հայտնեց, որ եթե այն մասշտաբի ճնշումը լինի, որ կար 2018 թվականին, ՔՊ–ի ներսում ճեղք է առաջանալու է, դրա համար պետք է մտածել, թե ո՞նց այդ համաժողովրդական ընդվզումը կազմակերպել. «Պարզ է, չէ՞,չէ որ աանց դրա չի հաջողվելու, այսինքն անիմաստ այս գզվրտոցը, իրար վրա գլորելու, թիրախավորելու, խփելու, այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։
Հիմա ես կարո՞ղ եմ ասել, որ այս ամեն ինչի իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրություններն է, որ ամեն մեկ ուզում է այս դաշտում դիրքավորվել մյուսի հաշվին։











