Կա տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիր, որ Արեւմուտքը Թուրքիայի օգնությամբ ուզում է ամբողջ Կենտրոնական Ասիան, Կովկասը դուրս բերել Ռուսաստանի տակից, դարձնել իրենց շուկան, ճանապարհների հարցը լուծեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Այդ ճանապարհին կա խոչընդոտ, դա Հայաստանի շահերն են։ Այս ամենը կարող է բերել տարածաշրջանային բախման մի 4 տարուց հետո, երբ կողմերը պատրաստ լինեն։ Ես առաջարկել եմ, որ չգնանք դրան, անենք մեր ազգային շահերից բխող քայլեր։ Իշխանությունները մտածում են, որ Վրաստանի շահերի դեմ չպետք է գնալ։ Եթե մենք մեր լոգիստիկ ճանապարհները կառուցում ենք, դա զգալիորեն կրճատելու է ճանապարհը եւ շատ դժվար է լինելու ադրբեջանական ու թուրքական մեքենաներին շրջանցել Կարմիր Կամուրջը եւ Վրաստանով գնան Կարս։ Այսինքն բեռնափոխադրման ուղին փոխվելու է եւ Վրաստանի դրանից լրջորեն տուժելու է։ Նույնը Իրանի դեպքում է։ Հայաստանի տարածքով ճանապարհը 40 կմ է, Իրանի տարածքով՝ 60 կմ է։ Հիմա մենք ասում ենք՝ Հայաստանի տարածքով անցնելը կարմիր գիծ է, իրենցը՝ կանաչ է։ Սա խոսում է այն մասին, որ քաղաքական պատասխանատվություն իշխանությունը չի կարողանում վերցնել։ Նման որոշման համար պետք է լայն ճակատ ստեղծեն ԱՄՆ–ի հետ, Եվրոպայի հետ, Իրանի հետ, որ դա կարողանա գործել»,–ասաց նա։
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, Սամվել Բաբայանն ասաց. «Ես չեմ գտնում, որ ՌԴ–ն այն վիճակում է, որ եկել է վիճակը հստակեցնելու։ Այսօրվա իշխանությունը ավելի շատ ռուսամետ է, քան ցանկացած մեկը։ Ռուսաստանը մեզ ասում է, որ բեռները մենք պետք է հսկենք, մենք ասում ենք՝ մենք այդ ճանապարհը ոչ մեկին չենք տալու, նենց որ դրա կարիքը չկա, հանգիստ եղեք, ոչ մեկին չենք տալու այդ ճանապարհը։ Այսինքն պրոբլեմը մեր դդիմաց կանգնած է, մենք այն շրջանցում ենք, մեզ թվում է՝ լուծել ենք։ Չենք լուծել, ավելի ենք խորացրել այն։
Օրինակ, Իրանը չի թողնում, որ Կասպից ծովով խողովակաշար անցնի, որովհետեւ ուզում է, որ Կենտրոնական Ասիայից էներգակիրներն իր տարածքով անցնեն, մի թեւը դեպի Պարսից ծոց, մյուս թեը Հայաստանով, Վրաստանով դեպի Եվրոպա։ Մենք պետք է Իրանի հետ բանակցենք, թե ինչ կարող ենք անել, որ դա իրականանա եւ ինչ կարող ենք անել, որ դրանից շահենք։ Մենք փոխանակ դա անենք, ասում ենք՝ թագավորն ապրած կենա, ոնց ասեք, տենց կանենք։ 30 տարի այդ ճանապարհից դուրս չենք գալիս»,–ասաց Սամվել Բաբայանը։











