Շվեդիայի դատախազությունը հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստվում են մեղադրանքներ առաջադրել դատապարտված ահաբեկչի դեմ, ներառյալ՝ հորդանանցի օդաչուի սպանության համար, որը 2015 թվականին Սիրիայում վանդակում ողջակիզվել էր, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ նախատեսում է մայիսի 27-ին մեղադրանք առաջադրել Շվեդիայի 32-ամյա քաղաքացուն «Սիրիայում լուրջ ռազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների» համար։

Դատավարությունը նախատեսված է սկսել հունիսի 4-ին։ Մեղադրողները հայտարարության մեջ չեն նշել իրենց կասկածյալի անունը, սակայն Շվեդիան խնդրել է Ֆրանսիային արտահանձնել 32-ամյա Ուսամա Քրայեմին, որն արդեն դատապարտվել է 2015 թվականի Փարիզում և մեկ տարի անց Բրյուսելում իրականացրած հարձակումների համար։ Դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը խփվել է Սիրիայում 2014 թվականի դեկտեմբերի 24-ին։

Օդաչուին «Իսլամական պետության»՝ ԴԱԻՇ-ի զինյալները գերի են վերցրել նույն օրը՝ Ռաքքա քաղաքի մոտակայքում։ Օդաչուին փակել են վանդակի մեջ և ողջակիզել, իսկ ծայրահեղական խմբավորումը հրապարակել է նրա մահվան կադրերը։ Քրայեմը «կասկածվում է օդաչուին ԴԱԻՇ-ի պատկանող այլ հանցագործների հետ միասին մահապատժի ենթարկելու մեջ», -հայտարարել են դատախազները։

«Քննությունը պարզել է, որ դիմակավորված զինված անձը, այլ անձանց հետ միասին, օդաչուին բռնի կերպով նստեցրել է երկաթե վանդակի մեջ։ Վանդակը հետագայում հրկիզել է հանցակիցներից մեկը, և օդաչուն մահացել է հրդեհի հետևանքով»,-նշել է դատախազությունը։

Շվեդիայի հարավային Մալմյո քաղաքում ծնված Քրայեմը 2014 թվականին միացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում, նախքան Եվրոպա վերադառնալը։ 2022 թվականի հունիսին նա Ֆրանսիայում դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ 2015 թվականի Փարիզում 130 մարդու կյանք խլած հարձակումների պլանավորմանը նպաստելու համար։

Հաջորդ տարի նա Բելգիայում դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Բրյուսելի գլխավոր օդանավակայանում և մետրոյի կայարանում 2016 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած պայթյուններին մասնակցության համար, որոնց հետևանքով զոհվել է 32 մարդ։ Ըստ մեղադրող կողմի՝ նա «ժամանակավորապես տեղափոխվել է Շվեդիա՝ դատավարությանը մասնակցելու համար»։