Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին գրավի դիմաց ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, որը ներկայացրել էր նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը:

Այնուհետ մեղադրող Հարություն Հարությունյանը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Մարգար Օհանյանը մեղավոր է ճանաչվում պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու մեջ: Մարգար Օհանյանը դատարանին հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում: Մյուս ամբաստանյալը` 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը ընդհանրապես հրաժարվեց պատասխանել հարցերին, իսկ Արա Լեւոնյանն ու Սամվել Մախմուրյանը իրենց մեղավոր ճանաչեցին: Ընդ որում, վերջինս նշեց, թե եզրակացության մեջ սխալ կա, Մարգար Օհանյանը իրեն ոչինչ չի հանձնարարել, «կամբատն է հանձնարարել» (Ստեփան Կարախանյանը- խմբ.):

«Սպասեք, սպասեք, ցուցմունք տալու ժամանակը չէ»,- նշեց դատավորը, եւ ամբաստանյալի հետ հարցուպատասխանի ընթացքում պարզեց, թե նա մեղավո է իրեն ճանաչում, բայց վերապահումներ ունի եզրակացության բովանդակության հետ:

Ապացույցների հետազոտման կարգը հաստատելուց հետո մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի տուժողի ներկայացուցիչ, այսօրվա նիստին բացակայող Ժիրայր Կարապետյանը եւս կարողանա ներկա գտնվել դատավարությանը:

Դատավորը փաստաբանների հետ երկար ժամանակ չէր կարողանում հաջորդ դատական նիստի օրը նշանակել: Ի վերջո Մխիթար Պապոյանը նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 13-ը, ժամը 11:30-ը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մարգար Օհանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ եղած ժամանակ չարաշահել է իր պաշտոնական դիրքը, որն էլ զգալի վնաս է հասցրել պետության շահերին եւ անզգուշության հետեւանքով հանգեցրել լուրջ հետեւանքների: Ինչպես նաեւ, նա յուրացրել է պետության` իրեն վստահված հատկապես  խոշոր չափերի հասնող  գույքը:

Ստեփան Կարախանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Ճանապարհային ոստիկանության սպայական երկրորդ գումարտակի հրամանատար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը, ինչպես նաեւ չարաշահելով ծառայողական դիրքը` յուրացրել է հատկապես խոշոր չափերի հասնող իրեն վստահված պետական գույքը:

Արա Լեւոնյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի ղեկավար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը:

Նման մեղադրանք է ներկայացված նաեւ Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: