Հայ ազգային կոնգրեսի ձմեռային ծրագրերում առանձնակի փոփոխություններ չկան. ընդդիմությունը կշարունակի պայքարը` փորձելով ոտքի հանել ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով` հանրահավաքներ կկազմակերպվեն, ՀԱԿ-ը կսկսի ժողովրդի հետ առավել ակտիվ աշխատել մարզերում:
«Մենք ձգտում ենք կանխել հերթական կեղծված ընտրությունները: Իշխանություններն այլեւս չեն կարող ժողովրդին ստով կերակրել: Երկրի իրավիճակն աղետալի է, սովը վրա է հասել գրեթե բոլոր ընտանիքներին, հատկապես այժմ` ամանորյա տոներից հետո», - ասել է Սարգսյանը:
Նրա կարծիքով` երկրում դրությունը բարելավելու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են: «Ժողովրդի վրդովմունքն այնքան ուժեղ է, որ մեկ ամսում էլ կարելի է հասնել արտահերթ ընտրությունների կազմակերպման: Ամեն ինչ կախված է բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցություն ունեցող մարդկանց քանակից», - նշել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահը: Նա նաեւ ընդգծել է, որ եթե անցյալ տարվա մարտից հետո նկատելի էր մարդկանց մասնակցության որոշակի պասիվություն, ապա այժմ այն գրեթե գոյություն չունի:
«Լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ, դրանց պետք է պատրաստ լինել: Մենք կսկսենք նախընտրական քարոզարշավը, կշարունակենք աշխատանքը ժողովրդի հետ: Մի խոսքով, փետրվարն ու մարտը կլինեն բուռն», - հավատացրել է ընդդիմադիրը:



























