Հարյուրավոր իրանցի ուսանողներ հինգշաբթի մարդկային շղթա են կազմել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի շուրջը՝ ցույց տալով իրենց աջակցությունը երկրի միջուկային ծրագրին՝ Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններից առաջ, հաղորդում է Mehr-ը։
Ուսանողները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ երկրի ազգային շահերը քննարկման ենթակա չեն։
Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը (FFEP) իրանական ստորգետնյա ուրանի հարստացման գործարան է, որը Իրանի Ղոմ քաղաքից 32 կմ հյուսիս-արևելք՝ Ֆորդոու գյուղի մոտակայքում է։
Հիշեցնենք, որ Իրանի՝ ուրանի հարստացման հարցը գլխավորն է Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցություններում։
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Իրանի կողմից միջուկային զենքի մշակման վերաբերյալ, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ երբեք նման նպատակ չի ունեցել, և որ ուրանի հարստացումն իր կարմիր գիծն է։
Միացյալ Նահանգները և Իրանը բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն Հռոմում այս ուրբաթ՝ մայիսի 23-ին։




























