Եկամուտների հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չեն հասցրել ID քարտ ստանալ, տուգանքների տեսքով վարչական միջոցներ չեն կիրառվի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նա փաստել է քարտերի տրամադրման հետ կապված որոշակի խնդիրների առկայությունը, սակայն խնդիրները լուծվում են, և շուտով համակարգն ավելի արագ կաշխատի։ Ըստ նրա, 2024թ. տրամադրվել է 160 հազար նույնականացման քարտ, իսկ ընթացիկ տարվա սկզբից՝ արդեն ավելի քան 90 հազար։ Սա պայմանավորված է նաև կառավարության թվային օրակարգով։
Փոխնախարարը նշել է, որ այս օրակարգի շրջանակներում որոշվել է ֆրանսիական ընկերությունը, որի հետ կաշխատեն եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող ID քարտերի և կենսաչափական անձնագրերի պատրաստման ուղղությամբ։ Գործընթացը պայմանավորված է առաջին հերթին ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացմամբ։
Միգրացիոն գործընթացների հետ կապված՝ փոխնախարարը նշել է, որ համապատասխան ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Ձեռքբերումների թվում նա նշել է այն, որ համակարգում կատարված փոփոխությունների շնորհիվ հաջողվել է խուսափել անձնագրեր ստանալու համար գոյացող հսկայական հերթերից։