ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Kia»-ի վարորդին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վերջինս օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Կոտայքի մարզի պարեկները րոպեների ընթացքում պարզել են, թե որ ուղղությամբ է օրինախախտ վարորդը երթևեկում ու վայրկյաններ անց օրինախախտը հայտնվում է պարեկների տեսադաշտում:
Վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք և տեղում պարզվել է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Տ. Ս.-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության:





























