Ալիևի կողմից վերջնագրերի լեզվով խոսելը, նոր պայմաններ առաջ քաշելը հուշում է միայն մեկ բանի մասին, որ, այսպես կոչված, նախապայմաններն իրականում պատրվակներ են որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չստորագրելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «APRI Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։

«Հիմա արդեն Ադրբեջանի նախագահը հստակ ակնարկում է, որ եթե նույնիսկ Հայաստանը կատարի իր կողմից առաջ քաշված երկու այսպես կոչված նախապայմանները, այսինքն ընդունի նոր Սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին և միևնույն ժամանակ դիմի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով, ապա որևէ երաշխիք չկա, որ դրանից հետո Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը։ ընդհակառակը, ամենայն հավանականությամբ Ադրբեջանը առաջ կքաշի նոր նախապայմաններ։ Այս պահին ես տեսնում եմ երկու նախապայման, իրականում պատրվակ, որոնք Ադրբեջանը կարող է առաջ քաշել: Մեկը, այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի ստեղծումն է Հայաստանի տարածքում, փաստացի Ադրբեջանը պահանջում է ինքնավար միավոր ստեղծել Հայաստանի տարածքում բնակեցված ադրբեջանցիներով։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը պահանջելու է նաև օտարերկրյա զինված ուժերի տեղակայում Հայաստանի տարածքում, և հանգիստ կարող է պնդել, որ քանի դեռ Հայաստանը սա չի անում, ոչ մի փաստաթուղթ էլ Ադրբեջանը Հայաստանի հետ չի ստորագրելու։ Երկրորդը Զանգեզուրի միջանցքն է, ինչը նշանակում է արտատարածքային միջանցք, փաստացի Հայաստանի ինչ-որ մի տարածքի օկուպացիա և նաև Հայաստան–Իրան կապի խզում։

Աայսինքն նույնիսկ եթե մենք այս երկու, այսպես կոչված, նախապայմանները իրականացնենք, ապա Ադրբեջանը արդեն հիմա ասում է, որ այսպես թե այնպես թուղթ չի ստորագրվելու, որովհետև դրանք կհաջորդեն այս երկու նախապայմանները՝ բացեք արտատարածքային միջանցք, ստեղծեք փաստացի Արևմտյան Ադրբեջան անվանումով ինքնավար միավոր Հայաստանի ներսում, տեղակայեք օտարերկրյա զինված ուժեր այդ ինքնավար միավորման անվտանգությունը ապահովելու համար։

Կարճ ասեմ, Ադրբեջանը զրո ցանկություն ունի որևէ բան ստորագրելու և միաժամանակ ոչինչ չստորագրելով ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորություն ունենա պայմանագրի չստորագրման, մեղքը գցել Հայաստանի վրա»,–ասաց փորձագետը։

Նա նկատեց, որ Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է ռազմական լուծմա. «Այն, որ մինչև հիմա չի գնում ռազմական լուծման պատճառը, ցանկության բացակայությունը չէ, այլ այն, որ Ադրբեջանում գտնում են, որ առայժմ ռազմական լուծումից բխող ռիսկերը ավելի են, քան կարող են լինել ռազմական լուծումից եկող օգուտները։ Ցանկացած պահի, երբ այդ հաշվարկը փոխվի, միանշանակ Ադրբեջանը գնալու է ռազմական լուծման, և մենք տեսնում ենք, որ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց բանակը պատրաստ լինի։ Դրա համար էլ ինտենսիվ շարունակվում են բազմամիլիարդ զենքի գնումները, մենք անընդհատ տեսնում ենք տարատեսակ զորավարժություններ»,– ընդգծեց Բենիամին Պողոսյանը։