Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական իրավունքների ոլորտում թվայնացման լայնածավալ գործընթաց է իրականացվում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել այս ոլորտում մի շարք նախաձեռնությունների, սպասվում է, որ օրինագծերը շուտով կքննարկվեն խորհրդարանում։
Ըստ փոխնախարարի, նախատեսվում է թվայնացնել վարորդական իրավունքների տվյալների բազան։ Ըստ օրինագծի, սեպտեմբերի 1-ից բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն վարորդական իրավունք, ավտոմատ կերպով կդառնան թվային իրավունքների սեփականատերեր։ Այսպիսով, ճանապարհային տեսուչը, նույնականացնելով վարորդին, տուգանք չի գրի պլաստիկ քարտի բացակայության համար։ Սեպտեմբերի 1-ից հետո իրավունք ստացողները կկարողանան ընտրել՝ ստանալ միայն թվային տարբերա՞կը, թե՞ երկուսն էլ։ Պլաստիկ քարտն ավելի թանկ կլինի։ Թվային տարբերակը վավեր է միայն ՀՀ տարածքում։
Մեկ այլ նախատեսվող նորամուծություն վերաբերում է տրանսպորտային միջոցների առցանց գործարքներին։ Նաև հնարավոր կդառնա մեքենայի տեխանձնագիրն ու համարանիշները ստանալ փոստով։
Հավելյալ վճարի դիմաց վարորդական իրավունքի հավակնորդները կկարողանան կրկնակի քննություններ հանձնել ավելի շուտ, քան նախատեսված էր նախկինում՝ բառացիորեն անհաջող փորձից հաջորդ օրը։ Այն հարցին, թե նախկինում լրացուցիչ ժամանակ էր տրամադրվում պատրաստվածությունը բարձրացնելու համար, Արմեն Ղազարյանը նկատեց, որ նախագծի պատրաստման ժամանակ դրա հեղինակներն իրենք էլ են իրենց այդ հարցը տվել։ «Որոշումը պայմանավորված է դիմողների մեծ թվով։ Մարդիկ վստահեցնում են, որ քննությունը ձախողել են փոքր տեխնիկական խնդրի պատճառով և պատրաստ են վերահանձնել։ Ամեն դեպքում, սա հնարավորություն է, բայց ոչ պարտականություն։ Ով կցանկանա, կարող է օգտվել։ Եթե մարդը վստահ է իր գիտելիքների վրա, մենք նրան այդպիսի հնարավորություն ենք տալիս»,- պարզաբանեց փոխնախարարը։
Ըստ նրա, թվայնացման ոլորտում նորամուծությունները թույլ կտան բեռնաթափել հերթերը և ազատել ռեսուրս, որը հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել, օրինակ՝ քննությունների կազմակերպման համար։
ՆԳ փոխնախարարը նաև որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց։ Ըստ 2024թ. տվյալների, երկրում գրանցված է 913 հազար տրանսպորտային միջոց։