Ազատի կացարանի հրդեհի գործով դատարանում այսօր՝ մայիսի 23–ին ցուցմունք տվեց Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը։ Նա նշեց, որ սկզբից ինքը սխալմամբ նշել է, որ դեպքի պահին զինվորները եղել են մահճակալների վրա, մինչդեռ հետո պարզվել է, որ նրանք եղել են մահճակալների սենյակում։

«Զինվորներից մեկը, ով արդեն գիտակցության էր եկել բուժումից հետո,  ասաց, որ բղաբոցների ու վազվզոցի ձայներ է լսել,այդ ընթացքում ես հասկացա, որ իմ ձևակերպումը՝ «մահճակալների վրա», ճիշտ չի եղել, սխալ է եղել։

Հրդեհի առաջացման պատճառները չեն տալիս մեզ, նման գործառույթ ծառայությունում չկա։ Սկզբից եղել է երկու մարտական հաշվարկ, սկզբից ասացին, որ այս պահին մենք ունենք չորս, թե հինգ զոհ, հետո արդեն ընթացքում տեղեկատվությունը նորից լրացվել է։

Ես, որ լսեցի մեր զինվորին, որ ասաց, որ վազվզեցի ձայներ է լսել, Վարդենիսի պետը մեզ մոտ եկել էր հանդիպման, ես իրեն հրավիրեցի մարզաբանամն, ինքն ասաց՝ ես ձեզ չեմ ասել «մահճակալների վրա», ասել եմ՝ «մահճակալների սենյակում»«– ասաց նա։

Այդ պահին իրավիճակը դատարանի դահլիճում լարվեց. տուժողներից մեկի հարազատը սկսեց տեղից բղավել, թե ինչո՞ւ է հիմք ընդունել զինվորի ասածը. «Որ Գարուշը այսպես է ասում, ուրեմն վե՞րջ, դու դրանի՞ց ես ենթադրություն արել»։

Կարգադրիչները նրան դուրս հանեցին դահլիճից։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։