ԱԻՆ–ի տեղեկագիրը կազմվել էր առավոտյան 8–ի դրությամբ՝ այդ օրվա օպերատիվ հերթափոխի պետի կողմից. նա է ստորագրում այդ տեղեկագրի տակ և դա փոփոխման ենթակա չէ։ Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստում հայտարարեց Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը։

Նա նաեւ հավելեց, որ Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցից առաջ խոսել է հրշեջ ծառայությունից Մխիթար Կարապետյանի հետ եւ մանրամասներ ճշտել, Իսկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն էլ ասել է՝ ըստ տեղեկագրի համաձայն կներկայացնես ինֆորմացիան։

Հարցին՝ ինչո՞ւ եք ինքնագլուխ, առանց վերադասից համաձայնություն ստանալոը Մխիթար Կարապետյանի փոխանցած տեղեկատվությունը ներկայացրել հանրությանը, Սարոյանը պատասխանեց. «Ուզում էի այնպիսի ինֆորմացիա չլիներ, որ ինձ հարցնեին, ես չկարողանայի պատասխանել։ Քանի որ այդ տեղեկատվության հավաքագրումը նաև ինձ  է վերաբերում, ես իմ անձնական նախաձեռնությամբ փորձեցի այդ հարցերը, որ կարող է Պետրոսը տալ, հանկարծ անպատասխան չմնային։ Ես ընդունում եմ, որ սխալվել եմ»։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցից առաջ եղած խոսակցություններին, Արսեն Սարոյանն ասաց. «Պետրոսն ասաց, որ եթե մի բան էն չլինի,  համարեք, որ ինչ–որ բան ճիշտ չեք ասել, ձայնագրությունից հետո կնայեք, կարող ենք մոնտաժել, քանի որ ուղիղ եթեր չի, բայց մոնտաժի հարց չեղավ։ Ես միտում չեմ ունեցել, եթե պիտի սխալ բան ասեի, հենա չէի ասի։ Կամ եթե հետո հասկանայի, որ ճիշտ տեղեկատվություն չեմ տվել, կասեի՝ Պետրոս, ոնց որ սխալ բան ասեցի։ Ես ընդհանրապես դրա մասին չեմ մտածել»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։