Իրանական երկու աղբյուր CNN հեռուստաալիքին հայտնել է, որ բանակցությունները դժվար թե համաձայնության հանգեցնեն, քանի որ ԱՄՆ-ն պնդում է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացման իր ծրագիրը. պահանջ, որն, ըստ իրանցի պաշտոնյաների, կարող է հանգեցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման։

Աղբյուրները հայտնել են, որ Հռոմում բանակցություններին Իրանի մասնակցությունը բացառապես ուղղված է Վաշինգտոնի վերջին դիրքորոշման գնահատմանը, այլ ոչ թե պոտենցիալ առաջընթացի հասնելուն։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կրկնել է Թեհրանի «կարմիր գծերը»՝ նախքան ուրբաթ օրը Հռոմ մեկնելը։

«Համաձայնության ուղի գտնելը հրթիռաշինություն չէ,- գրել է նա X սոցիալական ցանցում իր մեկնումից առաջ։- Զրո միջուկային զենք = մենք իսկապես ունենք գործարք։ Զրո հարստացում = մենք գործարք չունենք»։

Թրամփի վարչակազմը Իրանից պահանջել է դադարեցնել ուրանի հարստացման բոլոր աշխատանքները, որոնք, ըստ ամերիկացի գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆի, «թույլ են տալիս զենք ստեղծել»։ Ուրանը՝ առանցքային միջուկային վառելիքը, կարող է օգտագործվել ռումբ ստեղծելու համար, եթե այն հարստացվի մինչև բարձր մակարդակներ։

Սակայն Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և հայտարարում է, որ պատրաստ է համաձայնագրի շրջանակում

պարտավորություն ստանձնել՝ ուրանը մինչև զենքի մակարդակ չհարստացնելու վերաբերյալ։