Թրամփի վարչակազմը Կոլումբիայի համալսարանին մեղադրել է հրեա ուսանողների քաղաքացիական իրավունքները ոտնահարելու մեջ՝ «դիտավորյալ անտարբերություն ցուցաբերելով համալսարանի տարածքում տարածված հակասեմականության նկատմամբ», հաղորդում է Associated Press-ը։

Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի հինգշաբթի ուշ երեկոյան արած հայտարարությունը վերջին հարվածն էր ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման՝ Բաղեղի լիգայի (The Ivy League) համար, որն արդեն իսկ ցնցված էր դաշնային բյուջեի կրճատումներից և ուսանողական բողոքի ցույցերը ճնշելու կառավարության շարունակական ճնշումից:

Սակայն հայտարարությունը չի ներառել Կոլումբիայի համալսարանի դեմ նոր պատժամիջոցներ, որի համար Թրամփի վարչակազմն արդեն սպառնում է 400 միլիոն դոլարով կրճատել դաշնային ֆինանսավորումը՝ համալսարանի տարածքում պաղեստինամետ բողոքի ցույցերին արձագանքելու պատճառով։

Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչը հայտնել է, որ համալսարանն այժմ բանակցություններ է վարում կառավարության հետ՝ հակասեմականության վերաբերյալ իր պահանջները կարգավորելու համար։

Մի քանի ժամ առաջ ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանին արգելելու է ընդունել միջազգային ուսանողների, ինչը բարձրագույն կրթության վրա վարչակազմի ամիսներ շարունակվող հարձակման լուրջ սրացում է։

Անցյալ գարնանը Կոլումբիայի համալսարանը դարձավ Գազայի պատերազմի դեմ բողոքի ցույցերի կենտրոնը՝ հրահրելով ուսանողական ցույցերի համազգային շարժում, որոնք պահանջում էին համալսարաններից խզել կապերը Իսրայելի հետ։ Այդ ժամանակ որոշ հրեա ուսանողներ և դասախոսներ բողոքում էին ցույցերի ժամանակ իրենց հավատքի կամ Իսրայելին աջակցելու պատճառով իրենց նկատմամբ ոտնձգություններից կամ հալածանքից։

Կոլումբիայում բողոքի ցույցերին մասնակցածները, նրանց թվում՝ հրեա ուսանողներից ոմանք, հայտարարել են, որ բողոքում են Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ ձեռնարկված գործողությունների դեմ և կտրականապես մերժել են հակասեմականության մեղադրանքները։