Ֆլորիդայի դատարանը հինգշաբթի Մեքսիկայի նախկին հանրային անվտանգության նախարար Խենարո Գարսիա Լունային, որը մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ, և նրա կնոջը պարտավորեցրել է իրենց երկրին ավելի քան 2,4 միլիարդ դոլար վճարել, հայտնել են Մեքսիկայի կառավարությունից։
Մեքսիկան դատի է տվել ԱՄՆ բանտերից մեկում գտնվող Լունային՝ մեղադրելով կոռուպցիայի և տասնյակ պետական պայմանագրերին առնչվող փողերի լվացման մեջ։
Այդ որոշումը վերջին շրջադարձն է եղել թմրավաճառներին օգնած՝ «սուպեր ոստիկան»-ի համարում ունեցող նախկին նախարարի պատմության մեջ։ Ֆլորիդայի դատարանի նշանակած գումարը երեք անգամ գերազանցում է Մեքսիկայի կառավարության սկզբնական պահանջած գումարը, ասված է կառավարության հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ Գարսիա Լունային պարտավորեցրել են գրեթե 749 միլիոն դոլար, իսկ նրա կնոջը՝ Լինդա Քրիստինա Պերեյրային՝ 1,74 միլիարդ դոլար վճարել։
Մեքսիկայի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը պնդում էր, որ գումարը տեղափոխվել է արտասահման՝ հարկային ապաստանների օգտագործման և Ֆլորիդայում անշարժ գույքի և այլ ակտիվների գնման միջոցով։





























