Զբոսաշրջիկները հաջորդ շաբաթից կարող են Տաթեւի վանք հասնել հիմնանորոգված ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«19,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջությամբ հիմնանորոգված է։ Բավականին երկար սպասված ծրագիր է։ Եթե հիշում եք, Տաթեւ-Լծեն ճանապարհով էին հիմնականում երթեւեկում, եւ այս ճանապարհը շատ դժվարանցանելի էր։ Նպատակը այն էր, որ ավարտել Տաթեւ-Լծեն ճանապարհը, որից հետո արդեն հիմնանորոգել այս ճանապարհը։ Եւ ես մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ մի քանի օր անց արդեն ասֆալտապատման աշխատանքները, եռաշերտ ասֆալտապատման աշխատանքները ավարտված կլինեն, եւ հատկապես այն շատ կարեւոր է զբոսաշրջության սեզոնին ընդառաջ, որովհետեւ գիտեք, որ շատ քաղաքացիներ եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ գալիս են մեր Տաթեւ վանական համալիր, եւ կարող են, այսպես ասեմ, հաջորդ շաբաթից արդեն հանգիստ գալ եւ գնալ Տաթեւ, որովհետեւ այս ճանապարհը արդեն հիմնանորոգված է ամբողջությամբ»,– ասել է մարզպետը։
Ղուկասյանի խոսքով, մարդատար մեքենաների համար հատկապես արդյունավետ է հիմնանորոգված ճանապարհով երթեւեկելը, քանի որ բեռնատար մեքենաները հիմնականում Լծենի ճանապարհից են օգտվում. «Հիմա մենք արդեն երկու լիարժեք գործող ճանապարհներ ունենք, եւ այս ճանապարհների վրա պետական միջոցներից հատկացվել է շուրջ 3,3 միլիարդ դրամ 19,5 կիլոմետրի համար»։
Նշենք, որ /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/ (Սյունիք) միջպետական նշանակության ավտոճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2024-2025թթ-ին:
Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ավազակոպճային շերտով ճանապարհի հարթեցում, եռաշերտ Ա/Բ շերտի տեղադրում։
Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են:
Նախագծի կապալառուն է «Ա Ա Բ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ, նախագծող՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ, տեխնիկական հսկող՝ «Ռ. Քոնսալթ»» ՍՊԸ, հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը ՝ 19,5կմ, պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 3,300,556,771 դրամ։











