Ավստրալիայում «մկանուտ» կենգուրուն փորձել է ջրում խեղդել մի տղամարդու՝ երկուսի միջև երկարատև կռվից հետո, հաղորդում է BBC News-ը:

Նշվում է, որ Դոն Ջեյմսը պայքարել է կյանքի համար, երբ պարկավոր կենդանին նրան «պատանդ է վերցրել» Փորթ Մակքուորիի մերձակա ճանապարհի եզրին կուտակված հեղեղաջրերում, և փախել է միայն, երբ կենդանին, ըստ երևույթին, վախեցել է։ Ենթադրվում է, որ կենգուրուն տարածքում հայտնվել է այս շաբաթ Նոր Հարավային Ուելսում տեղի ունեցած ռեկորդային ջրհեղեղներից հետո, որոնց հետևանքով հինգ մարդ է զոհվել։

Քրիստի Լիզն առաջին անգամ կենգուրուների մասին տեղեկացել է, երբ ուրբաթ՝ տեղական ժամանակով մոտավորապես 09:00-ին (Գրինվիչի միջին ժամանակով՝ հինգշաբթի, 23:00-ին), ամուսնու հետ գնացել է Պորտ Մակքուորիի հյուսիսային ափ՝ ջրի մակարդակը ստուգելու։

Երկու տղամարդ, որոնցից մեկին հետագայում ավստրալիական ABC լրատվական հեռուստաալիքը ճանաչել է որպես Դոն Ջեյմս, զգուշացրել էին նրանց, որ կայանված ավտոմեքենայի մոտ «շատ մեծ» կենգուրու կա։ Եվ իսկապես, կենգուրուն «ավտոմեքենայի չափ էր», որի կողքին նա կանգնած էր։

Հաջորդ դրվագը, որ սարսափած կինը հիշել է, դեպի իր ավտոմեքենան շտապող կենգուրուն էր, և կենդանուն չվախեցնելու համար նա արգելակել էր, որից հետո կենգուրուն հարձակվել է նրա վրա։ Բայց երբ կենգուրուն շրջանցում էր ավտոմեքենան, նա, կարծես, նկատել է մեկ այլ թիրախ՝ Դոն Ջեյմսին, որը դեռ քայլում էր ճանապարհով։ Կենգուրուն հետապնդել է նրան։ «Նրանք բառացիորեն բռնցքամարտեցին,- ասել է Քրիստին։- Ես հետևի հայելու մեջ հետևում էի, թե նրանք ինչպես են հարվածներ հասցնում»։

Այնուհետև Ջեյմսը հետ է վազել, սայթաքել և ընկել ճամփեզրի ջրափոսը։ Հաջորդ բանը, որ Քրիստին հասկացել է, այն էր, որ «կենգուրուն նրան բռնել է»։ Կենդանին փորձել է տղամարդուն խեղդել ջրում, բայց հետո փախել է՝ ակնհայտորեն վախեցած մոտեցող ավտոմեքենայից։