ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը հերթապահ էր, եւ ինչ-որ լուրջ բանի սպասելու հարկ չկար։ Այս մասին հայտնել է NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման հյուր, քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի համար ավելի ակտուալ են խնդիրներն Ուկրաինայի, հարաբերություններն ԱՄՆ-ի հետ եւ այլն։
«ՌԴ-ն ձգտում է պահպանել իրավիճակը մեր տարածաշրջանում այնպես, ինչպես այժմ կա, որպեսզի այն առնվազն չսրանա։ Բայց Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ ակտիվ գործողությունների։ Հակառակ դեպքում Մոսկվան Երեւանի հետ այլ կերպ կխոսեր։ Ռուսաստանը չի հրաժարվի Հարավային Կովկասից, քանի որ այս տարածաշրջանը Կենտրոնական Ասիայի բանալին է։ ՌԴ-ի համար դա կարեւոր է նաեւ հանձին Իրանի իր ռազմավարական գործընկերոջ հետ կապի համար։ Բոլորն են հասկանում, որ Թրամփը ԱՄՆ հավերժական նախագահը չի լինելու, եւ Ռուսաստանի համար կարեւոր է չկորցնել կապերը Չինաստանի եւ Իրանի հետ»,- ընդգծել է Կիվիրյանը։
Հայաստանի մասով ամեն բան, նրա գնահատմամբ, կախված է իշխանությունների վարած քաղաքականությունից, իսկ նրանց գործողությունները կանխատեսելն անհնար է։
Նա բացատրել է, որ խելամիտ իշխանությունը պետք է անի ամեն բան, որպեսզի թույլ չտա այստեղ տարածաշրջանային տերությունների բախում, մինչդեռ Հայաստանի ներկա ղեկավարները հենց դրան էլ տանում են։
Վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները վարում են երկրում Թուրքիայի ազդեցության ուժեղացման քաղաքականություն՝ նախապես վարկաբեկելով Ռուսաստանի դերը։











