«Երեւանի օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» եւ «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները կմիացվեն «Չափագիտության ազգային ինստիտուտին»: Այդ մասին էկոնոմիկայի նախարարության կողմից նախապատրաստվել է կառավարության որոշման նախագիծ, որը ներառվել է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:
Ըստ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հիմնավորման` այս 2 ինստիտուտների միավորման անհրաժեշտությունը բխում է Հայաստան-Եվրամիություն Բարեփոխումների Ասոցացման համաձայնագրի նախապայման հանդիսացող Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունից: Միավորման արդյունքում ազգային որակի ենթակառուցվածքի գոյություն ունեցող համակարգը կհամապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին:
«Ռադիոֆիզիկայի ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ «Երեւանի օպտիկա-ֆիզիկական չափումների ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը իրականում իրենց գործառույթներով չափագիտության ուղղվածություն ունեն: Ռադիոֆիզիկական եւ օպտիկական չափումների բնագավառները իրենց ստեղծման օրվանից եղել են ԽՍՀՄ Գոսստանդարտի ենթակայության ինստիտուտներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո չեն իրականացրել չափագիտական աշխատանքներ:



























