Ռուսաստանյան զորքերը մայիսի 25-ի գիշերը գրոհել են Ուկրաինան միանգամից մի քանի տեսակի սպառազինությամբ՝ գործարկվել են անօդաչու թռչող սարքեր, «Կալիբր» հրթիռներ և ռազմավարական ավիացիայի կիրառմամբ հրթիռներ, հայտնում է РБК-Украина-ն։

Մայիսի 24-ի երեկոյան արձանագրվել է ռուսաստանյան զորքերի կողմից Ուկրաինայի ուղղությամբ կամիկաձե անօդաչուների արձակում։ Ռուսաստանյան հարվածային ԱԹՍ-ները մուտք են գործել օդային տարածք հյուսիսային և հարավային ուղղություններից։

Դրանից արդեն մի քանի րոպե անց Ուկրաինայի ռազմաօդային ուժերի զինվորականները հայտնել են Ուկրաինայի հյուսիսարևելքից բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքի մասին։

Հայտնի է նաև ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներից արձակումների մասին։ Օդային տագնապ է հայտարարվել ամբողջ Ուկրաինայում։

ՌԴ ԶՈւ զանգվածային գրոհի ֆոնին պայթյուններ են լսվել Ուկրաինայի տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Դնեպրում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Նիկոլաևում, Սումիում և Չեռնիգովում, գրում է ուկրաինական լրատվամիջոցը։

Կիևում ռուսաստանյան գրոհի ժամանակ թշնամական անօդաչուների գրոհի ֆոնին արձանագրվել է օդային թիրախների բեկորների անկում։ Վնասվել են բնակելի տներ։

Տեղական ժամանակով ժամը 03:03-ի դրությամբ Կիևում տուժածների թիվը հասել է 10-ի։