Մայիսի լույս 25-ի գիշերը Ուկրաինայի վրա ռուսաստանյան զանգվածային գրոհի հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ վիրավորվել է, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, հաղորդում է РБК-Украина-ն։

Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի, զոհերի թվում են Ժիտոմիրի մարզից նույն ընտանիքի երեք երեխա։ Նրանց ծնողները հոսպիտալացվել են, մայրը ծանր վիճակում է։

Ինչպես նշել է Կլիմենկոն, ռուսաստանյան հարվածի տակ են հայտնվել 13 տարածաշրջաններ, մասնավորապես՝ Կիև քաղաքը, Կիևի, Ժիտոմիրի, Խմելնիցկիի, Տերնոպոլի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Օդեսայի, Խարկովի, Չեռնիգովի, Չերկասիի, Սումիի, Պոլտավայի մարզերը։

Ամբողջ Ուկրաինայում վնասվել է ավելի քան 80 բնակելի տուն։ Արձանագրվել է 27 հրդեհ, 3 վայրում հրշեջները դեռ մարում են կրակը։