ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ազդարարել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին եւ ակնարկել, որ այդ մասին հայտարարություն կարող է արվել «առաջիկա երկու օրվա ընթացքում», հաղորդել է Associated Press-ը:

Նա նկատելիորեն ավելի լավատես էր, քան Օմանի միջնորդը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցություններում, որն ուրբաթ հայտնել էր, որ երկու երկրները «որոշ, բայց ոչ վերջնական» առաջընթաց են գրանցել Հռոմում կայացած բանակցությունների հինգերորդ փուլում:

«Մենք շատ, շատ լավ հարաբերություններ ունեինք Իրանի հետ,- ասել է Թրամփը լրագրողներին Նյու Ջերսիի հյուսիսում այն բանից հետո, երբ հեռացել է գոլֆ-ակումբից, որտեղ անցկացրել է հանգստյան օրերի մեծ մասը։- Եվ ես չգիտեմ, թե կպատմեմ արդյոք ձեզ որեւէ լավ կամ վատ բանի  մասին հաջորդ երկու օրերի ընթացքում,  բայց այնպիսի զգացողություն ունեմ, որ կարող եմ ձեզ մի ինչ-որ լավ բան պատմել»։

Նա ընդգծել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին տեղի ունեցած բանակցություններում մենք ունեցել ենք որոշակի իրական առաջընթաց, լուրջ առաջընթաց։

«Եկեք տեսնենք, թե ինչ տեղի կունենա, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում»,- ասել է Թրամփը։

Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը ներկայացրել են Միացյալ Նահանգները Հռոմում Օմանի դեսպանատանը կայացած բանակցություններում:

Իրանը ներկայացնող գլխավոր բանակցողը արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին էր։

Արաղչին հայտնել է, որ բանակցությունների վերջին փուլում ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը։