«Խաղաղության խաչմերուկը» Հյուսիսն ու Հարավը, Արեւմուտքն ու Արեւելքը կապելու նոր հնարավորություն կտա։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մայրաքաղաքում ընթացող «Երեւանյան երկխոսության» բացմանը։

Փաշինյանը հիշեցրել է, որ նախաձեռնությունը հիմնված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության կարեւոր սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ սա գլոբալ ճգնաժամերը հաղթահարելու կարեւոր նախագիծ է, քանի որ երբ բացվեն ճանապարհները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, դա նոր հնարավորություն կտա կապելու Հյուսիսն ու Հարավը, Արեւմուտքն ու Արեւելքը։

Վարչապետը նշել է, որ քննարկումները շարունակվում են, եւ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին՝ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից Նախիջեւան փոխադրումները կազմակերպելու վերաբերյալ։ Նշելով Ադրբեջանի արեւմտյան շրջանների մասին՝ վարչապետը կրկնել է, որ Հայաստանի Հանրապետությունում «արեւմտյան Ադրբեջան» չկա եւ չի կարող լինել. արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են։ Չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան նրա տարածքից դուրս։ Նման քննարկումները մեզ համար անընդունելի են, հայտնել է Փաշինյանը։

Հայկական կողմի առաջարկները վերաբերում են հայկական լոկոմոտիվների գործարկմանը։ Միաժամանակ Փաշինյանը հայտնել է, որ «միջազգային որոշ գործընկերներ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանը պատրաստ չէ բացել հաղորդակցությունները»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդպես չէ, եւ Հայաստանը ակնկալում է, որ Ադրբեջանը տարանցման հնարավորություններ կընձեռի։

«Երկարաժամկետ կայուն խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ հասանելի: Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին եւ պատրաստ ենք շարունակել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ, թե ինչպես հասնել համաձայնագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք հիմնովին կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, իհարկե, հարգելով նշված սկզբունքները»,- ասել է Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ չնայած բոլոր սադրանքներին՝ պատերազմ չի լինի։