Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կրկնել է, որ Թեհրանը ոչ մի դեպքում նվազագույն ճկունություն չի ցուցաբերի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում, գրել է Mehr-ը։
Երկուշաբթի առավոտյան ճեպազրույցում Բաղային հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը դեռ որոշված չեն:
Հայտնելով, որ Իրանը շարունակում է խորհրդակցությունները Օմանի հետ, իրանցի բարձրաստիճան դիվանագետն ավելացրել է, որ ցանկացած վերջնական որոշում կհայտարարվի թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի հետ համաձայնությամբ, սակայն դեռ ոչինչ վերջնական չէ։ Ուրանի հարստացման խնդրի վերաբերյալ նա ընդգծել է. «Հարստացումը Իրանի խաղաղ ատոմային ծրագրի եւ միջուկային արդյունաբերության անբաժանելի մասն է եւ պետք է պահպանվի»:
Զրոյական հարստացման հարցում ԱՄՆ համառ պահանջը ցույց է տալիս, որ մյուս կողմը լուրջ չի վերաբերվում բանակցային գործընթացին, նշել է Բաղային։
Իրանը եւ Միացյալ Նահանգները ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես եւ նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։





























