2011թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 6-րդն էր: Հայաստանի վաստակավոր մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի որդու առաջին մարզիչը եղել է Ռուբեն Գրիգորյանը, որն այնուհետեւ տեղափոխվեց Շվեդիա, իսկ Արթուրը շարունակեց մարզվել հոր ղեկավարությամբ: 96 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած 20-ամյա գյումրեցի ըմբիշի համար 2012-ի գլխավոր նպատակը կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Ալեքսանյանի հետ:
Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանն առայժմ ունի միայն 74 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանի նվաճած ուղեգիրը: Ի՞նչ հնարավորություններ ունենք մյուս քաշային կարգերում:
2012թ. Օլիմպիական խաղերից առաջ մասնակցելու ենք վարկանիշային մրցաշարերի: Լոնդոնի ուղեգիր նվաճելու հնարավորություն մենք կունենանք: Ամբողջ թիմը, այդ թվում եւ ես պայքարելու ենք միայն առավելագույն արդյունքի համար: Այժմ գլխավորն այդ մրցաշարերում ուղեգիր նվաճելն է: Դրա համար արվում է հնարավոր ամեն ինչ:
Ի՞նչ մարզավիճակում ես այժմ գտնվում:
Մենք արդեն հավաք են անցկացրել Ծաղկաձորում: Ամեն ինչ կարգին է, վնասվածք չունեմ: Կա մարզումների ծրագիր, որով էլ կընթանա նախապատրաստությունը վարկանիշային մրցաշարերից առաջ:
Ի՞նչ գնահատական կտաս քո ելույթներին անցած մրցաշրջանում:
2011-ն ինձ համար հաջող էր: Աշխարհի երիտասարդական առաջնությունում ես ոսկե մեդալը նվաճեցի 84 կգ քաշային կարգում, իսկ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում արդեն 96 կգ քաշային կարգում էի: Իմ քաշը 93 կգ էր, իսկ 96 կգ քաշային կարգում ըմբիշների մարզումային քաշը 100 կգ է, եւ նրանք քաշ են գցում մրցումների ժամանակ, իսկ ինձ մոտ հակառակն է: Բուլղարացի ըմբիշը, որին ես պարտվեցի Եվրոպայի առաջնության եզրափակիչում, մրցումից առաջ 105 կգ է եղել:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը



























