Ուկրաինական պատերազմն անհավանական տառապանք է պատճառել անմեղ մարդկանց։ Այն նաեւ ազդել է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում՝ առաջացնելով գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացում կամ մատակարարման շղթաների բարդացում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, «Երեւանյան երկխոսություն – 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ֆիցոյի խոսքով՝ «պարզ է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ռազմավարական բեկման հասնել մարտադաշտում, եւ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

«Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի նախաձեռնությանը 30-օրյա համապարփակ զինադադարի վերաբերյալ, որին կհաջորդեն երկու կողմերի միջեւ խաղաղ բանակցությունները: Հուսով ենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ բանակցությունները, որոնք սկսվել են Ստամբուլում, կշարունակվեն եւ արդյունք կտան: Ինչպես գիտեք, Ուկրաինան մեր ամենամեծ հարեւանն է, եւ մենք ցանկանում ենք, որ ժողովրդավարական, ինքնիշխան, կայուն եւ բարգավաճ հարեւանները խաղաղ ապրեն։ Սա մեր ազգային կենսական շահն է։ Մենք հենց սկզբից օգնել ենք։ Պատերազմի սկզբից ի վեր Սլովակիան տրամադրել է 3,5 մլրդ եվրոյի ընդհանուր օգնություն, ինչը մեզ դարձնում է Ուկրաինայի հետ ամենաբարձր համերաշխություն ունեցող երկրներից մեկը՝ երկրի ՀՆԱ-ի նկատմամբ օգնության հարաբերակցության առումով։ Եթե ​​Ուկրաինան համապատասխանի այդ չափանիշներին, մենք կաջակցենք ինտեգրմանը Եվրամիությանը»,- նշել է նա։