Տոկիոյից ԱՄՆ Տեխաս նահանգ թռչող ճապոնական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը փորձել է բացել ինքնաթիռի դռներից մեկը թռիչքի ժամանակ, հաղորդում է BBC News-ը։
All Nippon Airways (ANA) ավիաընկերության 114-րդ չվերթի ինքնաթիռը շաբաթ օրը թռիչքից մի քանի ժամ անց ուղղությունը փոխել է դեպի Սիեթլ՝ «անկարգապահ ուղևորի պատճառով», - հայտնել է ավիաընկերությունը։
Սիեթլի նավահանգստի ոստիկանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենց տեղեկացրել են մի տղամարդու մասին, որը «փորձում է բացել ելքի դռները թռիչքի ժամանակ»։
Ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդը, որի ինքնությունը չի հրապարակվում, «առողջական խնդիրներ է ունեցել» և նրան ստիպված են եղել բռնել մյուս ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը։ Ավելի ուշ, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Անհասկանալի է՝ արդյոք նրան որևէ մեղադրանք կառաջադրվի, թե ոչ։
Մինչ ինքնաթիռը սպասում էր Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանի թռիչքուղում վայրէջքի, մեկ այլ ուղևոր հեռացվել է ինքնաթիռից «անկարգապահության» համար, հայտնել են իշխանությունները։ Թռիչքի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը իր նշանակման վայր՝ Հյուստոնի Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայան, ժամանել է շաբաթ օրը՝ տեղական ժամանակով (17:40 GMT) մոտավորապես ժամը 12:40-ին՝ նախատեսված ժամանման ժամից չորս ժամ ուշ։





























