Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները փաստացիորեն ռազմավարական մակարդակի վրա են։ Այս մասին մայիսի 26-ին Երևանում Ֆրանսիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզը և Երևանը պլանավորում են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։

Միրզոյանի խոսքով՝ երկու երկրների միջև կան համագործակցության այնքան շատ գործիքներ և ոլորտներ, որ, կարելի է ասել, այն երկրները, որոնք ունեն ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, չունեն։ Սակայն, նախարարը վստահեցրեց, որ կողմերը կաշխատեն նման փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարեց, որ հարաբերություններն արդեն մեծ մասամբ ռազմավարական են։ Նրա խոսքով, ամեն դեպքում, նախատեսվում է պատրաստել փաստաթուղթ, որը կուրվագծի ապագա քայլերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Նույն դահլիճում Լավրովի մի քանի օր առաջ արված հայտարարությունների վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ֆրանսիացի նախարարը Հայաստանին վերաբերող մասը թողեց Միրզոյանի մեկնաբանությանը՝ բաց չթողնելով Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի մասին խոսելու հնարավորությունը։ Նախարարը հայտարարեց Ուկրաինայում հրադադարի անհրաժեշտության մասին, որը հնարավորություն կտա բանակցել և հասնել արդար խաղաղության։ Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է դրան։ Ռուսաստանի հերթն է՝ շարունակել պատերազմը, թե՞ բանակցել, կարծում է նախարարը։