Ամերիկյան սերվերները կոտրելու արդյունքում, բոլորի համար հասանելի են դարձել 850 հազար մարդկանց, այդ թվում ՆԱՏՕ-ի 242 աշխատակիցների եւ բրիտանական բանակի 221 անդամների տվյալները:

Հասարակության սեփականությունն է դարձել նրանց էլեկտրոնային հասցեներն ու դրանց գաղտնաբառերը: Հասանելի են դարձել 75 հազար մարդկանց փոստային հասցեներն ու կրեդիտ քարտերը: Տուժածների շարքում 462-ը բրիտանացիներ են (այդ թվում «Ֆորին օֆիսի» 45 եւ Սքոթլանդ Յարդի 67 աշխատակիցներ), ինչպես նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Հրապարակվել են հետախույզների, քաղաքական գործիչների, խորհրդատուների, պաշտոնյաների, ոստիկանների անձնական տվյալները: 19 հազար հասցե ունեն «mil» դոմենը, այսինքն պատկանում են ամերիկյան բանակին: Դրանցից 173-ն աշխատում են Աֆղանստանում, եւս 170-ը` Իրաքում:

Տեղեկատվությունը պահպանվում էր Stratfor ընկերությունում, որի շտաբ-բնակարանը գտնվում է Թեքսասում:

Փորձագետների կարծիքով, հաքերային գրոհի թիկունքում կանգնած է հայտնի Anonymous կազմակերպությունը, գրում է BFM.ru-ն` վկայակոչելով բրիտանական The Guardian թերթը: