Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» հունվարի 5-ից սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմը մարզումներն անցկացնում է Մասիս քաղաքի ստադիոնում, իսկ ֆիզպատրաստությունը բարելավում է «Կիլիկիա» մարզահամալիրում:

«Միկայից» «Ուլիս» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը: Թիմի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգել է հարձակվող Գեւորգ Նռանյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը չբացառեց այլ նոր ֆուտբոլիստներով թիմը համալրելու հնարավորությունը: Այժմ բանակցություններ են ընթանում Ռուսաստանում եւ Իսպանիայում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների հետ: Բացի այդ «Ուլիսը» մարզվում է ընդլայնված կազմով: Հինգ խաղացողներ «Շենգավիթ» ֆուտբոլային ակումբից փորձում են մրցակցել «Ուլիսի» հիմնական ֆուտբոլիստների հետ: Մարզումներին մասնակցում են նաեւ «Շենգավիթ» ֆուտբոլային դպրոցի սաներ:

Մրցաշրջանից առաջ «Ուլիսը» կանցկացնի երեք հավաք, որոնցից երկուսը` Հայաստանից դուրս:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը