Մայիսի 12-ին Սնանկության դատարանը հաստատել է «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) պարտատերերի վերջնական ցուցակը, գրում է «Հետք»–ը:
Վերջնական ցուցակը դատարանը հաստատել է մայիսի 12-ին: Դրանում տեղ է գտել 42 պահանջ, ընդ որում՝ բոլորը չապահովված պահանջներ են (ապահովված են համարվում այն պահանջները, որոնք ծանրաբեռնված են գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ)): Պարտատերերը գլխավորապես ֆիզիկական անձինք են՝ «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները, որոնց աշխատավարձերն այդպես էլ չվճարվեցին: Վերջիններիս պահանջների չափը տատանվում է 625 հազարից մինչեւ 11 մլն դրամի սահմաններում: Նախկին աշխատակիցների պահանջները, ինչպես սահմանված է «Սնանկության մասին» օրենքում, ընդգրկված են «գ» հերթում:
Պարտատերերի մեջ կան նաեւ մի քանի ընկերություններ՝ հայկական ու արտասահմանյան, այդ թվում՝ օդանավերի վարձատու Impact Aviation Services Limited-ը (ընդհանուր պահանջի չափը՝ շուրջ 780 հազ. դոլար), ինչպես նաեւ ավիացիոն ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող արաբական Information Systems Associates FZE-ն (628 հազ. դոլար), որոնք երկուսն էլ Air Arabia-ի դուստրերն են:
Սրանք ամենախոշոր պարտատերերն են, սակայն նրանց պահանջներն ընդգրկվել են ավելի ցածր՝ «է» հերթում: Նույնը վերաբերում է ռուսական FF Cargo Services ընկերությանը, որը եղել է ՌԴ-ում «Ֆլայ Արնայի» բեռների վաճառքի գործակալ եւ պահանջում է 130 հազ. դոլար: Այլ կերպ ասած՝ մինչեւ ամբողջությամբ չբավարարվեն «գ» հերթի պահանջները, այս ընկերություններին հերթ չի հասնի: Բայց ամբողջ հարցն այն է, թե արդյոք «Ֆլայ Արնան» այդքան գույք ունի, որի իրացումից գոյացած միջոցներով հնարավոր կլինի փակել թեկուզ նախկին աշխատակիցների պարտքերը:
Ավիաընկերության հայկական պարտատերերի մեջ, որոնք նույնպես ներառված են «է» հերթում, 43 մլն դրամի պահանջ ունի ՊԵԿ-ը, 6,9 մլն դրամի պահանջ՝ Քաղավիացիայի կոմիտեին ենթակա ««Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող ««Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն պահանջում է 759 հազ. դրամ, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ 206 հազ. դրամ:
Դատավոր Գարիկ Ավագյանը հունիսի 20-ին նշանակել է պարտատերերի առաջին ժողովը:
Ինչպես արդեն գրել ենք, ամեն ինչ գնում է դեպի «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի լուծարման վարույթ, այսինքն՝ ընկերությունը ոչ թե ֆինանսապես կառողջանա եւ կշարունակի գործունեությունը («Ֆլայ Արնայի» բաժնետերերը, վստահաբար, ցանկանում են ազատվել նրանից), այլ դրա գույքը (եթե այդպիսին հայտնաբերվի) կհանվի աճուրդի, կվաճառվի, իսկ վերջում կհայտարարվի գործի ավարտի ու «Ֆլայ Արնայի» լուծարված լինելու մասին:




























