Իսրայելական հեռուստատեսությունը երկուշաբթի հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, որ նրանք միասնական դիրքորոշման են եկել Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու հարցում։
Ըստ Channel 12-ի՝ զրույցը նշանավորվել է սուր անհամաձայնություններով, և, ըստ որոշ տեղեկությունների, Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:
Նա նաև, ըստ տեղեկությունների, ընդգծել է իր շահագրգռվածությունը այնպիսի համաձայնության հասնելու հարցում, որից կշահեն երկու կողմերն էլ։ Զրույցի տոնը հակասել է նախկինում արված այն հայտարարություններին, որ երկու առաջնորդներն ավարտել են իրենց հեռախոսազրույցը փոխըմբռնման ոգով։
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել է այն տեղեկությունները, որ Նեթանյահուն լարված զրույց է ունեցել Թրամփի հետ, գրում է Times of Israel-ը։
Հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ նա և Թրամփը «համաձայնության են եկել այն հարցում, որ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը չստանա միջուկային զենք»։
Մինչդեռ Թրամփը նշել է «իրական առաջընթաց» Միացյալ Նահանգների և Իրանի միջև ընթացող միջուկային բանակցություններում՝ կիրակի օրը կանխատեսելով, որ առջևում կարող են լինել «լավ լուրեր»։





























