Աֆղանստանի Պակտիա նահանգում կրակել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ կատարող մասնագետին, որը բնակարաններում հաշվառում էր իրականացնում, նրա թիմի եւս մեկ անդամ վիրավորվել է, տեղեկացրել է Khaama Press-ը։

Տեղի աղբյուրները Պակտիա նահանգում հաստատել են, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 26-ի առավոտյան Հարդեզում՝ նահանգի մայրաքաղաքում։

Ականատեսները հայտնել են, որ բժշկական խումբը մոտեցել է տներից մեկին՝ երեխաներին պատվաստելու համար, սակայն տան տերը հրաժարվել է համագործակցել։ Նրանց երկրորդ խնդրանքին ի պատասխան, երբ նրանք փորձում էին բնակիչներին համոզել, որ երեխաներին բերեն պատվաստման, տնից կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թիմի անդամներից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել:

Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրի կառավարող «Թալիբան» շարժումն արգելել է տնային պայմաններում պոլիոմիելիտի պատվաստման արշավները՝ ստիպելով բուժաշխատողներին պատվաստանյութը կիրառել միայն նշանակված տարածքներում, ինչպիսիք են մզկիթները եւ առողջապահական կենտրոնները: