Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մայիսի 27–ին, բողոքի ակցիա են իրականացնում բեռնատարների վարորդները, որոնք բողոքում են բեռնափոխադրող նոր միջնորդ ընկերությունների դեմ են։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Միջնորդ կազմակերպությունների կողմից թե Վրաստանում, թե Հայաստանում մեր բեռնափոխադրումն անտեսվում է, նախընտրում են, որ այլազգիների բեռնատարները բարձեն, քան մերը։ Մեր նպատակն այն է, որ մեզ գոնե մի քիչ ուշադրություն դարձնեն, ոչ թե մենակ նստեն իրենց աթոռին, մտածեն իրենց գրպանի մասին։ Մեզ պետք է, որ մեր հայերին անտեսված չլինեն։
Կլինի պատվիրատու, թե կլինի միջնորդ կազմակերպություն, ցանկանում են այլ ազգի բեռնատարը բարձեն, բայց մեր հայերին չբարձեն։ Լինում է, որ երկուսն էլ նույն գնով են առաջարկում, բայց մեզ չեն ընտրում, առաջին հերթին գցում են այլազգի չաթերի մեջ։ Մենք չենք ասում՝ իրենց թող չբարձեն, բայց թող մի օր այդ բեռները գցեն մեր չաթերի մեջ, տեսնեն չկա առաջարկ, նոր գցեն ուրիշ ազգի չաթերի մեջ։ Թող առաջին հերթին ընտրեն մեր մեքենաները։ Արդեն մեկ տարի այս վիճակն է։
Մեր բեռնատարները մրգով բարձած գնում են Վրաստան, 2-5 օր սպասում են, մեզ անտեսում են, այդ ընթացքում վրացական մեքենաները դատարկ մտնում ու դուրս են գալիս»,–ասաց նա։
Նա հավելեց, որ այս ընթացքում հանդիպել են ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի հետ, ասել է՝ լուծում կտանք, բայց արդեն մեկ տարի է՝ լուծում չենք տեսել։
Մեր ցանկությունը այն է, որ պարոն վարչապետի հետ հանդիպենք, իրեն այդ ամեն ինչը ներկայացնենք, որ իմանանք՝ ինչ է, ինչ չի։ Եթե չէ, եթե այդպես են անում, որ պետք է այլ ազգը գա, մտնի ու մենք մեր մեքենաները կանգնեցնենք ու գումար չաշխատենք, ուրեմն մենք կելնենք ճանապարհը կփակենք, այլ ազգին չենք թողնելու մտնել»։





























