Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ:

Շենգավիթի ոստիկանները կարողացել են արագ վնասազերծել նրան ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին:

 Ավելի ուշ կասկածյալին բերել են դեպքի վայր, որտեղ նա պատմել է թե ինչ գործողություններ է կատարել:

Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի եղել։

 Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնրել է կացինը ու հայտնել, որ ինքն է այն դեպքի վայրից տարել: