Հայաստանի քաղաքականությունը գնում է դեպի Թուրքիա՝ Էրդողանի քավորությամբ, ինչը երեւաց նաեւ Տիրանայում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, ԱԺ–ում լրագրողն երի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ասում են՝ բա մենք ինքնիշխան ենք։ Ինքնիշխան պետությունում այնպիսի զարգացումներ են տեղի ունեցել, որոնք ինքնիշխանության հետ որևէ աղերս չունի։ Թուրքիան պահանջ է ներկայացնում՝ Հայաստանը կատարում է այդ պահանջը, Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, այդ պահանջները բավարարում են, բա դրա ինքնիշխանությունը ո՞րն է։

Աշխարհում սահմանադրությունից, անկախության հռչակագրից պետության համար ավելի թանկ ու ավելի կարևոր բան չկա, դու թշնամու պահանջով փոխում ես սահմանադրությունդ, անկախության հռչակագիրդ, զինանշանդ։ Սուվերենությունը որտե՞ղ մնաց։ Հիմա ով որ «Արցախ» է ասում, հինգ անգամ ներողություն է խնդրում իր հայտարարության համար, ասում է՝ լեզվիցս թռել է, չեմ ուզեցել ասեմ»,–ասաց նա։

Հարցին՝ ե՞րբ կվերսկսվեն բողոքի ակցիաները, առանցքային գործողությունները, որոնք կհանգեցնեն իշխանափոխության,  Դանիելյանը պատասխանեց. «Ակցիաները հենց հիմա էլ տեղի են ունենում, մի երկու շաբաթ առաջ էլ են ակցիաներ եղել։ Ես հավաստիացած եմ, որ այդ պայքարը մի օր իր պտուղները տալու է, որովհետև մեր պայքարը անանձնական է, մեր երկրի, մեր պետության համար է։ Օրինակ, ո՞րն եք համարում ոչ առանցքային։ Այդ պրոցեսները ավելի մեծ թափով, ավելի ակտիվ առաջիկայում Սրբազան հայրը դրա մասին կհայտարարի օրվա մասին։ Բայց ուզում եմ նշել, որ այդ պրոցեսները չեն դադարեցվել։ Այդ պայքարի շրջանակներում ներգրավված մարդիկ ամեն օր հայտնվում են անազատության մեջ»։