Հայտնի թուրք դերասան Հալիթ Էրգենչը, որը «Հրաշալի դար» հեռուստասերիալում մարմնավորել է Սուլթան Սուլեյմանի դերը, մեղավոր է ճանաչվել Գեզի այգու բողոքի ցույցերի հետ կապված գործով և դատապարտվել ազատազրկման, հայտնել է Anadolu գործակալությունը։
Դատարանի որոշմամբ՝ Էրգենչը դատապարտվել է երկու տարի և երեք ամիս ազատազրկման։ Սակայն, դատավարության ընթացքում արվեստագետի ցուցաբերած օրինակելի վարքագիծը հաշվի առնելով՝ պատիժը կրճատվել է մինչև մեկ տարի տասուկես ամիս։
Դերասանը մեղավոր է ճանաչվել կեղծ ցուցմունք տալու մեջ, թեև նա չի ընդունել իր մեղքը։ Մեղադրանքի հիմք է դարձել գործով արդարադատությունից թաքնվող մեղադրյալի հետ հնարավոր կապերի մասին հարցին նրա պատասխանը։
Դատավճիռն ընդունվել է 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի հետ կապված դատավարության շրջանակում։ Այդ ժամանակ հանրային դժգոհություն էին առաջացրել իշխանությունների՝ կանաչ տարածքը կտրելու և դրա տեղում առևտրի կենտրոն կառուցելու ծրագրերը։ Ցույցերը շուտով տարածվեցին թուրքական բազմաթիվ նահանգներում և վերաճեցին այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ լայնածավալ բողոքի ցույցերի։ Բախումների հետևանքով հինգ մարդ զոհվեց։




























