Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 72-ամյա մի կնոջ, որը, դառնալով հեռախոսային խաբեբաների զոհ, հետագայում միացել է նրանց հանցավոր խմբին, հաղորդում է South China Morning Post-ը։
Դեպքը սկսվել է մարտին, երբ Կումի Կավաուչիյաման հեռախոսային խարդախության ժամանակ կորցրել է 50 միլիոն իեն (346 հազար 500 դոլար) կանխիկ փող և ոսկի։ Սակայն, իրավապահ մարմիններին դիմելու փոխարեն, տարեց կինը անսպասելիորեն կապ է հաստատել որպես դատախազներ ներկայացած խաբեբաների հետ և շուտով դարձել նրանց սխեմաների մասնակիցը։
«Ես գիտեի, որ խաբեբաներ են, բայց նրանք այնքան բարի էին իմ հանդեպ, որ սկսեցի կապվել նրանց հետ»,- հարցաքննության ժամանակ ասել է Կավաուչիյաման։ Հաստատվել է, որ մշտական բնակության վայր չունեցող թոշակառուն մասնակցել է խարդախության նոր դեպքերի՝ օգնելով հանցագործներին։
Մայիսի 12-ին նա ձերբակալվել է 85-ամյա կնոջից 12 միլիոն իեն (83 հազար դոլար) խաբեությամբ խլելու փորձի ժամանակ։ Կավաուչիյաման զոհին ուղեկցել է բանկ՝ ներկայանալով որպես նրա «գաղտնի դուստր», և նույնիսկ ոստիկանությանը ցույց է տվել իր անձը հաստատող փաստաթուղթը։ Բանկի աշխատակիցների կասկածներին չնայած՝ փոխանցումը կատարվել է, քանի որ իրական թոշակառուն արցունքն աչքերին խնդրել է ստեղծված իրավիճակի մասին չպատմել որդուն։
Ավելի ուշ պարզվել է, որ Կավաուչիյամայի բանկային հաշիվը նախկինում օգտագործվել է նմանատիպ խարդախությունների համար։ Քաղաքային իշխանություններն ընդունել են վերահսկողության համակարգում առկա սխալները և խոստացել են ակտիվացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարը։
Ճապոնիայի Ազգային ոստիկանական գործակալության տվյալներով՝ 2024 թվականի սկզբից ի վեր նման խարդախությունների զոհ է դարձել ավելի քան 15 հազար տարեց քաղաքացի։



























